Շաբաթական նորություններ և խորհուրդներ
Բաժանորդագրվել
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Բյութի ոլորտը երբեք այդքան մարդակենտրոն չի եղել, որքան հիմա։ Եթե տարիներ առաջ բրենդն ինքնին բավական էր վստահություն առաջացնելու համար, ապա այսօր սպառողը փնտրում է նաև դեմք՝ ապրանքանիշի հետևում։ Ո՞վ է ներկայացնում պրոդուկտը, ի՞նչ պատմություն ունի, ինչպիսի՞ արժեքներ է կրում։ Այս բոլոր հարցերը ավելի ու ավելի հաճախ դառնում են որոշիչ գնման պահերին։
Այս թեմայի շուրջ զրուցել ենք բրենդ մենեջեր և բիզնեսի զարգացման մասնագետ Անի Աղաբեկյանի հետ, ով տարիներ շարունակ աշխատել է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների հետ, ինչպիսիք են Hermès-ը, Clarins-ը, Ferragamo-ն, L’Occitane-ը, Elemis-ը և այլք։ Միևնույն ժամանակ, նա մեծ դեր է ունեցել հայկական շուկայում նոր անունների ներմուծման գործում՝ ներկայացնելով այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Babor-ը, Balmain Hair-ը, La Sultane de Saba-ն և այլք։ Անիի հետ քննարկել ենք անձի բրենդի դերը և նշանակությունը գեղեցկության ոլորտում, ինչպես նաև մի շարք այլ կարևոր թեմաներ։

«Բյութի ոլորտում գործունեությունս սկսվել է միանգամայն անսպասելի՝ 2019թ․-ին, երբ նոր էի ավարտել համալսարանը, միացա «Բուրմունք» ընկերությանը որպես բրենդ մենեջեր։ Չնայած այն ժամանակ ոլորտային փորձ չունեի, բայց հետաքրքրությունս օգնեց տարբեր կողմերից ուսումնասիրել այս հսկայական աշխարհը: Այսօր, արդեն 6 տարվա փորձով, կարող եմ ասել՝ բյութի ոլորտը մեծ ճանապարհ է անցել։ Հատկապես COVID-19-ի տարիներն էին շրջադարձային, երբ մաշկի խնամքը վերածվեց ոչ միայն նորաձևության, այլև ինքնախնամքի ձևի՝ հատկապես մեկուսացման պայմաններում։ Դա մարդկանց ստիպեց նորովի գնահատել իրենց արտաքին տեսքն ու հոգատարությունը սեփական անձի նկատմամբ։ Մեր օրերում մաշկի խնամքը, անհատականությունը շեշտող օծանելիքը կամ կերպարին համապատասխան մազերի կտրվածքը վաղուց դադարել են պարզապես արտաքինի մասին լինել։ Դրանք դարձել են ինքնարտահայտման ամենակենսունակ գործիքներից»։
2․ Ի՞նչ է փոխվել՝ «անձնական բրենդ» հասկացության ի հայտ գալուց հետո
«Մենք միշտ վստահել ենք դեմքերին, ոչ թե բրենդներին»։
Անձնական բրենդի գաղափարը նոր չէ, սակայն բյութի ոլորտում այն վերջին տարիներին ստացել է նոր ձև ու խորություն։ Մարդիկ սկսել են ուշադրություն դարձնել ոչ միայն վերջնական արդյունքին, այլ նաև՝ այն մասնագետին կամ հիմնադիրին, ով կանգնած է այդ արդյունքի հետևում։
«Այսօր վստահությունը կառուցվում է ոչ միայն ինֆլյունսերների, այլ նաև՝ դիմահարդարների, մաշկաբանների, խորհրդատուների ու բրենդի հիմնադիրների շուրջ»։
3․ Անձնական բրենդը՝ որպես վստահության կամուրջ
«Բավարար չէ ունենալ լավ պրոդուկտ։ Կարևոր է՝ ո՞վ է ներկայացնում այն, ի՞նչ հարթակով է խոսում, և ինչպիսի՞ արժեհամակարգ է փոխանցում»։
Անձնական բրենդն այսօր նպաստում է ոչ միայն տեսանելիությանը, այլ նաև վստահության ձևավորմանը։ Սպառողը շատ հաճախ որոշում է ընդունում՝ հիմնվելով ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլ հենց նույնականացման զգացողության վրա։ Երբ կան պատմություն, արժեքներ, իրականություն՝ այդ ամենն ուղղակիորեն ուժեղացնում է բրենդի ազդեցությունը։
4․ Իսկ առանց անձնական բրենդի հնարավո՞ր է հաջողել
«Այո, բայց շատ հաճախ այդ հաջողությունը մնում է սահմանափակ՝ հիմնված միայն տեխնիկական վարպետության վրա»։
Այն մասնագետները, ովքեր կառուցում են իրենց անձնական բրենդը, առավելություն են ստանում։ Նրանք ավելի հիշվող են, ճանաչելի, ազդեցիկ և մասշտաբային։ Նրանք միայն չեն սպասում, որ խոսեն իրենց մասին, այլ ինքնուրույն խոսում են՝ ներկայացնելով իրենց մոտեցումները, գործելաոճը, տեսլականը։
5․ Հաճախորդի ուշադրության կենտրոնում հենց մարդն է
«Ժամանակակից հաճախորդը ուզում է իմանալ՝ ո՞վ է կանգնած պրոդուկտի կամ ծառայության հետևում»։
Անիի դիտարկմամբ՝ մարդիկ չեն բավարարվում միայն գեղեցիկ արդյունքով։ Նրանք ուսումնասիրում են մասնագետի հաղորդակցման ձևը, էսթետիկան, արժեհամակարգը։ Այսօր հաճախորդը ընտրում է ոչ միայն այն ապրանքը կամ ծառայությունը, որը տեխնիկապես ճիշտ է, այլ այն մարդուն, որի հետ ինքը հարմար է զգում, նույնանում է կամ վստահում՝ որպես մասնագետ և անհատ։
6․ Իսկ եթե մասնագետը չի սիրում ներկայանալ սոց․ հարթակներում, ինչպե՞ս հաղթահարել այդ վախը
«Պարտադիր չէ միանգամից տեսախցիկի առաջ խոսել։ Կարելի է սկսել փոքր քայլերից՝ լուսանկարով ներկայանալ, ձայնային շփում ունենալ կամ պարզապես կիսվել անձնական փորձով»։
Անին ասում է, որ ինքը ևս այդ փուլում է՝ հաղթահարելու սեփական ներքին սահմանափակումները։ Սակայն հենց որ ֆոկուսը փոխվում է՝ «ինչպես կընկալեն ինձ»-ից դեպի «ինչ կարող եմ տալ», վախը սկսում է փոխակերպվել կապի հնարավորության։
7․ Որակը պարտադիր է, իսկ անձնական բրենդը՝ բազմապատկող ուժ
«Առանց որակի չկա հաջողություն։ Բայց առանց անձնական բրենդի՝ այդ հաջողությունը հաճախ չի դառնում մասշտաբային կամ կայուն»։
Որակը միշտ առաջնային է։ Բայց անձնական բրենդը մասնագետին դուրս է բերում իր անմիջական շրջապատից՝ դարձնելով նրան տեսանելի, հիշվող և ազդեցիկ ավելի լայն լսարանի համար։
8․ Իսկ հաջողակ բրենդ առանց կոնկրետ դեմքի կա՞
«Այսօր շուկայում շատ բրենդեր կան, որոնք առանձնանում են իրենց ուժեղ բրենդային արժեքներով, արդյունավետ և գիտական հիմքով պրոդուկտներով, ինչպես նաև սպառողների հետ ազնիվ և բաց հաղորդակցությամբ։ Այդ բրենդները չեն կառուցում իրենց հաջողությունը մեկ հայտնի դեմքի կամ անձի շուրջ, այլ կենտրոնանում են պրոֆեսիոնալիզմի, պրոդուկտի որակի և հաճախորդների փորձի անընդհատ բարելավման վրա»։
Անին իր սիրելի բրենդներից առանձնացրեց մի քանիսը, օրինակ ՝ Merit, Hourglass, Westman Atelier, The Ordinary, SKIN 1004, Drunk Elephant, Youth to the People, Sol de Janeiro, Glossier, Summer Fridays.
«Այս բրենդները չեն ունենում անպայման մեկ դեմք, բայց նրանց հետևում կանգնած է ուժեղ փիլիսոփայություն, հաղորդակցման մշակույթ ու պրոդուկտների նկատմամբ ազնիվ մոտեցում»։
Եվ վերջում կարող ենք ասել, որ բյութի ոլորտում բրենդի հաջողությունը վաղուց դուրս է եկել միայն պրոդուկտի որակից կախված լինելու սահմաններից։ Այժմ մարդիկ ուզում են լսել իրական պատմություններ, տեսնել իրական դեմքեր և զգալ կապ։ Անձնական բրենդը դարձնելով ոչ թե պարտադիր ատրիբուտ, այլ՝ վստահություն և ներգրավվածություն կառուցելու գործիք, որը բրենդին տալիս է կյանքի, հնչողության և հիշողության ուժ։
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Դեռ չունեք հաշի՞վ
Ստեղծել օգտահաշիվ