եղունգների խնամք

Սխալներ, որ թույլ ենք տալիս եղունգները խնամելիս

Քանի որ անցկացրածս հարցումից հետո շատերիդ մոտ ցանկություն առաջացավ, որպեսզի ես խոսեմ այս թեմայից, այսօրվա բլոգը նվիրելու եմ այն սխալներին, որոնք թույլ ենք տալիս թե՛ մենք, թե՛ մեր մատնահարդարները եղունգները խնամելիս և հարդարելիս։ 

Սխալ 1. Հիմնային շերտ չօգտագործելը

Շատերը կարծում են, որ հիմնային շերտ քսելը անիմաստ ժամանակի և գումարի վատնում է՝ առանց հասկանալու նյութի կարևորությունը եղունգների առողջ տեսքի համար։ Մեր եղունգները արտազատում են որոշակի յուղեր, որոնք ավելի բարդացնում են գույնի և բնական եղունգի մակերեսի միջև ստեղծված կապը։ Իսկ հիմնային շերտը օգնում է մեզ տվյալ հարցում՝ ստեղծելով ամուր և հարթ հիմք մատնահարդարման համար։ Ինչպես նաև այն կանխում է եղունգի լաքի մեջ առկա պիգմենտների՝ եղունգի մակերես թափանցելու և այն դեղնացնելու գործընթացը։ Իսկ եթե Ձեր եղունգները նորմայից ավելի շատ են յուղ արտազատում, ապա օգտագործեք դեհիտրատոր՝ նույնիսկ սովորական լաքերով մատնահարդարում կատարելիս։ 

Սխալ 2.  Հաստ մեկ շերտ քսելը

Շատ հաճախ շտապելու արդյունքում որոշում ենք քսել մերկ հաստ գույնի շերտ երկու բարակի փոխարեն։ Արդյունքում ստանում ենք ավելի երկար չորանալու ժամանակահատված, որն էլ հանգեցնում է նոր, թարմ, «տաք-տաք» արված մատնահարդարման վայրկենական լղոզմանը։ Այդ իսկ պատճառով գույնի շերտերը անհրաժեշտ է քսել բարակ և սպասել 2 րոպե շերտերի միջև։ 

Սխալ 3.  Առաջ և հետ շարժումներով խարտելը

Ինչքան էլ, որ ձեռքին ավելի հարմար է տարբեր ուղղություններով առաջ և հետ խարտել, այն հանգեցնում է եղունգների վնասմանը։ Խարտելու նման ձևը առաջացնում է շատ փոքր ճեղքեր, ինչն էլ անհարթ մատնահարդարման գրավականներից է։ Անհրաժեշտ է խարտել միայն մեկ ուղղությամբ։ 

Սխալ 4.  Սառը ջրի տակ ձեռքերը պահելը օգնում է լաքի արագ չորացմանը

Շատ տարածված միֆ, հատկապես այն կանանց և աղջիկների շրջանում, ովքեր նախընտրում են իրենք իրենց կատարել լաքապատում։ Սառը ջուրը իրականում պնդեցնում է լաքը, այն չորացնելու փոխարեն, որն էլ ավելի է հեշտացնում և արագացնում մատնահարդարման վնասվելը։ Չորացման համար անհրաժեշտ է թթվածին, ոչ թե հեղուկ։ Իսկ մատնահարդարման ցանկացած տեսակ կատարելուց հետո մինիմումը 2 ժամ աշխատեք որևէ գործ չկատարել ջրի հետ։ 

Սխալ 5.  Սրվակի թափահարումը օգտագործելուց առաջ

Հաճախ նկատած կլինեք, որ մատնահարդարը սկսում է թափահարել սրվակը այն բացելուց առաջ։ Սակայն պետք է իմանալ, որ թափահարումը առաջացնում է սրվակի մեջ առկա օդի շարժում, ինչն էլ առաջացնում է պղպջակներ։ Հետո նյութը եղունգներին քսելիս ստացվում է անհարթ ծածկողականություն, ինչը շատ հաճախ վերագրվում է նյութի «վատը» լինելուն։ Այնինչ ընդամենը պետք է թափահարելու փոխարեն պտտեցնել սրվակը ձեռքերի ափերի մեջ։

Սխալ 6. Մատնահարդարի՝ առանց ձեռնոցի և գործիքների աշխատանքը 

Եվ այսօրվա վերջին, բայց չափազանց կարևորը խորհուրդը դա Ձեր մատնահարդարի աշխատանքային էթիկային մանրակրկիտ հետևելն է։ Օրինակ, երբ պատահաբար գույնի որոշակի մաս քսվում է Ձեր մաշկին և մատնահարդարը այն փորձում է մաքրել ձեռքով, պահանջեք, որպեսզի գործողությունը կատարի նարնջի փայտիկի օգնությամբ։ Ախտահանումը չափազանց կարևոր է միշտ՝ անկախ նրանից, կա կորոնավիրուսի վտանգ, թե այլևս ոչ։ 

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/ 

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *